Շավարշ I

Շավարշ Ա Երվանդունի նաև Քսերքսես, հայկական Ծոփքի և Կոմմագենեի թագավորության թվով հինգերորդ թագավորը՝ Երվանդունիների արքայատոհմից: Կառավարել է մ.թ.ա. 228212 թվականներին: Փոխարինել է հորը՝ Արշամ Երվանդունուն:


Կենսագրություն

Քսերքսեսը կամ Շավարշը ծնվել և ապրել է մ.թ.ա. 3–րդ դարում: Մ.թ.ա. 228 թվականին փոխարինելով հորը՝ Արշամին, բազմել է Ծոփքի հայոց թագավորության գահին:

Շավարշը Ծոփքի առաջին թագավորն էր, որ հրաժարվեց հարկեր մուծել Սելևկյան գանձանակում: Ի պատասխան սրա՝ Սելևկյան կայսրության ղեկավար Անտիոքոս III-ը պաշարեց Ծոփք-Կոմմագենեի թագավորության մայրաքաղաքը՝ Արշամշատը:

Որպես բանակցությունների արդյունք՝ Շավարշը կնության է առնում Անտիոքոսի քրոջը՝ Անտիոքիսին, ներվում է պարտքը, իսկ Շավարշը իր հերթին ընդունում է Սելևկյանների կայսրությունը:

Սակայն որոշ ժամանակ անց Անտիոքիսը սպանում է ամուսնուն՝ Քսերքսեսին և Ծոփքի թագավորությունը հանձնում եղբորը:

Պարույր Սկայորդի

Պարույր Սկայորդի, մ.թ.ա. VII դարի Հայոց թագավոր, հիշատակվում է Մովսես Խորենացու կողմից։ Ըստ Պատմահոր տվյալների, Պարույրը «ոչ փոքր օգնություն է ցույց տվել մարացի Վարբակեսին՝ թագավորությունը Սարդանապալից վերցնելու» գործում, քանի որ Վարբակեսը իր կողմն էր գրավել «քաջ նախարար Պարույրին՝ խոստանալով նրան թագավորության պատիվ և ձև»։ Խորենացին այնուհետև նշելով, որ մարացի Վարբակեսը թագադրել է Պարույրին, համարում է նրան Հայոց առաջին թագավորը։ Նա մեծ օգնություն է ցույց տվել մարերի թագավորին գրավելու Ասորեստանը։

Հայ ժամանակակից ուսումնասիրողներից ոմանք նույնացնում են Պարույրին մ.թ.ա. VII դարի 70-ական թթ. Հայաստան և Ասորեստան արշաված սկյութների առաջնորդ Պարտատուայի հետ, որը հիշատակվում է հույն պատմիչ Հերոդոտոսի կողմից, ինչպես նաև ասորեստանյան արձանագրություններում։ Ենթադրվում է, որ սա եղել է Արմե Շուպրիա ցեղային միության առաջնորդը և հիմնադրել է առաջին հայկական պետական միավորումը։

Լևոն Զ

Լևոն Զ Լուսինյան (1342, Կիլիկիայի Հայկական Թագավորություննոյեմբերի 29, 1393, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), Հայոց թագավոր Կիլիկիայում 1374-1375 թվականներին։ Ջիվանի և Սուլթանի որդի Լևոնը ծնվել է Կիլիկիայում։ Խուսափելով Կոստանդին Դ-ի հալածանքներից՝ 1344 թվականին Սուլթանը իր որդիների հետ ապաստանել էր Կիպրոսում։ Հայոց գահին Լևոնին հրավիրեց ունիթոռների կուսակցությունը՝ Կոստանդին Ե–ի դավադրական սպանությունից հետո։ Սեպտեմբերի 14-ին Լևոնը ժամանեց Սիս մայրաքաղաքը և ութ ամիս անց Ս. Սոփիայի մայր տաճարում լատինական ծեսով օծվեց թագավոր, ապա իշխանների դժգոհությունը մեղմելու համար՝ նաև հայկական ծեսով։ Սակայն Լևոնը իր լատինամոլ քաղաքականությամբ հարուցեց ոչ միայն հայերի, այլև շրջակա մուսուլմանական պետությունների դժգոհությունը։ Եգիպտոսի սուլթան Մելիք Աշռաֆի զորքերը 1375 թվականի հունվարի 5-ին պաշարեցին Սիսը։ Սովից ու հիվանդություններից նեղված Լևոնն ապրիլի 22-ին հաշտություն խնդրեց և Հալեպի ամիրայից կյանքի ապահովության երաշխիք ստանալով՝ բերդը հանձնեց թշնամուն։ Լևոնը իր ընտանիքի, կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծների հետ գերեվարվեց Կահիրե։ Լևոնի խոստովանահայր Հովհաննես Դարդելի ջանքերով, Կաստիլիայի Հովհան I և Արագոնի Պեդրո IV թագավորների միջնորդությամբ 1382 թվականի սեպտեմբերին Լևոնը գերությունից ազատվեց և մեկնեց Եվրոպա։ 1383 թվականի ամռանը նա հասավ Կաստիլիա, որի թագավորը Լևոնին պարգևեց Մադրիդ, Վիլյարեալե, Անդուխար քաղաքները և խոստացավ օգնել նրան Կիլիկիայի գահը վերստանալու համար։ Արագոնի և Կաստիլիայի թագավորությունները ձգտում էին Լևոնին օգտագործել՝ Մերձավոր Արևելքում իրենց ազդեցությունն ընդարձակելու համար։ Լևոնը տասնմեկ տարի շարունակ շրջագայեց և դիմեց եվրոպական արքունիքներին՝ նրանցից օգնություն ստանալու ապարդյուն հույսով։ Կյանքի վերջին տարիներին Լևոնն ապրեց Փարիզի Սենտ–Օուեն պալատում, որը նրան 1384 թվականին հատկացրել էր Ֆրանսիայի Շառլ VI թագավորը։

Անի

Անին միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր քաղաքն էր. V–IX դարերում եղել է ամրոց, X–XI դարերում` Հայաստանի մայրաքաղաքը, IX–XIV դարերում` տնտեսական և մշակութային կենտրոն: Ունեցել է շուրջ 100 000 բնակիչ: Քաղաքն անունն ստացել է Դարանաղի (Կամախ) գավառի Անի բերդաքաղաքից, որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր: Առաջին անգամ հիշատակվել է V դարում:

Անին կառուցվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում` Ախուրյան և Անի (Ալաջա) գետերի միախառնման վայրում: Ներկայումս անբնակ է, գտնըվում է Թուրքիայի Կարսի նահանգում` հայ-թուրքական սահմանի մոտ` Գյումրիից 30 կմ հարավ-արևմուտք: 
Մատենագրության մեջ Անին առաջին անգամ հիշատակվում է V դարում (Եղիշե, Ղազար Փարպեցի): IX դարի սկզբին Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով: Դարավերջին Անին արդեն գյուղաքաղաք էր: 961 թ-ին Աշոտ Գ Ողորմած Բագրատունին արքունիքը Կարսից փոխադրել է Անի և այն հռչակել Հայաստանի նոր մայրաքաղաք:
Անին աննախադեպ զարգացման է հասել Գագիկ Ա թագավորի օրոք (989–1020 թթ.): Քաղաքն առևտրական կապերի մեջ է եղել Բյուզանդիայի, Պարսկաստանի, Չինաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի, Միջին Ասիայի հետ: Գագիկ Ա-ի մահից հետո նրա որդիների՝ Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի միջև սկսված գահակալական պայքարի ու ներքին երկպառակությունների հետևանքով Բագրատունիների թագավորությունը թուլացել է: Երկյուղելով բյուզանդական բանակի ներխուժումից՝ թուլակամ և անժառանգ Հովհաննես-Սմբատը 1023 թ-ին Անին մերձակայքով կտակել է Բյուզանդիային: 
Աշոտ Դ-ի (1040 թ.) և Հովհաննես-Սմբատի (1041 թ.) մահից հետո, երբ Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսն ու Վեստ Սարգիս իշխանը բյուզանդական արքունիքի հարկադրանքով փորձել են հանձնել Անին, հանդիպել են հայրենասեր ուժերի հուժկու դիմադրությանը: Սպարապետ Վահրամ Պահլավունու ջանքերով 1043 թ-ին Հայոց թագավոր է հռչակվել Աշոտ Դ-ի որդին՝ Գագիկ Բ-ն: 1043–44 թթ-ին բյուզանդական զորքերը քանիցս պաշարել են Անին, սակայն հայկական զորքերի և աշխարհազորի դիմադրության շնորհիվ Անին մնացել է անառիկ: Գագիկ Բ-ի ձերբակալումից և Վահրամ Պավլավունու զոհվելուց հետո բյուզանդացիները 1045 թ-ին նվաճել են քաղաքը: 1064 թ-ին Անին գրավել են սելջուկյան թուրքերը: 1072–1199 թթ-ին Շադդադյան ամիրայության տիրապետության (ընդմիջումներով) օրոք քաղաքը կորցրել է արհեստների ու առևտրի կենտրոնի նշանակությունը: 
1119 թ-ին Անին ազատագրել են Զաքարյանները և դարձրել իրենց իշխանապետության կենտրոնը: Պատմիչներն այդ ժամանակաշրջանի Անին հիշատակում են «մեծ», «տիեզերական», «քաղաքամայր» և այլ անուններով: Քաղաքը կառավարել է ավագների խորհուրդը՝ քաղաքապետի գլխավորությամբ: Անին արհեստագործության խոշոր կենտրոն էր, որտեղ աննախադեպ զարգացման են հասել մետաղագործությունը, զինագործությունը, ոսկերչությունը, պղնձագործությունը, մանածագործությունը, որմնադրությունը, քարգործությունը և այլ արհեստներ:
1236 թ-ին մոնղոլները գրավեցին Անին: Անեցիների 1249 և 1260 թթ-ի ապստամբությունները դաժանորեն ճնշվել են: XIII–XIV դարերում` մոնղոլների, հետագայում թուրքական ցեղերի ճնշման և ծանր հարկերի հետևանքով անեցիներն ստիպված էին մեծ խմբերով գաղթել Վրաստան, Հարավային Ռուսաստան (Աստրախան, Ղրիմի քաղաքներ), ավելի ուշ՝ Ղրիմից Կոստանդնուպոլիս, Գալիցիա ու Լեհաստան, Դոն գետի ափին հիմնել են Նոր Նախիջևան քաղաքը (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում): XIV դարի 60-ական թվականներին Անին ավերել են մոնղոլ-թաթարական ցեղերը, XVI–XVIII դարերում ամբողջովին ամայացել է: 1878 թ-ին Անին անցել է Ռուսաստանին, 1920 թ-ին՝ հանձնվել Թուրքիային:
Տարբերակում են Անիի քաղաքաշինության պատմության Կամսարականների (IV–VII դարեր), Բագրատունիների (X–XI դարեր), Շադդադյանների (1072–1199 թթ.՝ ընդհատումներով) և Զաքարյանների (XIII դարի 1-ին կես) շրջաններ: Կամսարականների շրջանից պահպանվել են V դարի ամրոցի որձաքարերով կառուցված պարսպի մնացորդները, VII դարի թաղածածկ «պալատական» եկեղեցին և կրկնահարկ մատուռ-տապանատունը: Աշոտ Գ Ողորմածի կառուցած Աշոտաշեն  պարիսպներն ամփոփել են ներքնաբերդը և քաղաքը: Սմբատ Բ-ն 989 թ-ին կառուցել է քաղաքի Սմբատաշեն պարիսպները, որոնք տեղ-տեղ զարդարված են բարձրաքանդակներով, խաչքարերով ու արձանագրություններով:
Անիի մատույցներում եղել են պաշտպանական ամրոցներ (Տիգնիս, Մաղասաբերդ), կառուցվել մեծաթռիչք քարե կամուրջներ, որոնք բացառիկ էին միջնադարում: Միջնաբերդի բարձրադիր մասում տեղադրված էր արքունի պալատը, որի  դահլիճներից պահպանվել է երկար միջանցքը (50 մ): X դարի վերջին Կամսարականների ամրոցը համալրվել է պալատական շենքերով, դարձել նորակառույց Անիի միջնաբերդը:
Անին եղել է քաղաքային ճարտարապետության զարգացման նշանավոր կենտրոն: Անիի ճարտարապետության դպրոցը, ձևավորվելով X դարում, որոշակի հետք է թողել նաև եվրոպական և այլ երկրների ճարտարապետության վրա: X դարի վերջին – XI դարի սկզբին ճարտարապետ Տրդատը կառուցել է Մայր տաճարը և Գագկաշենը, որտեղ նրա մշակած սկզբունքները պահպանվել և կիրառվել են նաև XII–XIV դարերում: Անիում կառուցվել են նաև Պարոնի, Սարգսի պալատները, Բախտաղեկի, Տիգրան Հոնենցի, Աղջկաբերդի  Փրկչի, Հովվի, Սբ Առաքելոց, Աբուղամրենց Սբ Գրիգոր և այլ եկեղեցիներ:
IX–XIII դարերում Անին նաև գիտության կենտրոն էր՝ բազմաթիվ դպրոցներով, գրչատներով: Անիի հռչակավոր բարձրագույն դպրոցում (XI–XIII դարեր) տարբեր ժամանակներում դասավանդել են Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Սարկավագը, Մխիթար Անեցին և ուրիշներ: Անիի մանրանկարչության դպրոցը գործել է մշակութային աշխույժ միջավայրում. այստեղ գրվել և ընդօրինակվել են ձեռագիր մատյաններ: Մանրանկարչությունն Անիում վերելք է ապրել XIII դարի 1-ին տասնամյակներին: Մեզ են հասել Հովհաննեսի 3 ձեռագրերը, Մարգարեի նկարազարդած «Հաղպատի Ավետարանը» (1211 թ.), գրիչ և մանրանկարիչ Իգնատիոս Հոռոմոսցու «Բագնայրի Ավետարանը» (1232 թ.) և այլն: 
Անիի հաճախակի ավերումների և անեցիների արտագաղթի հետևանքով բազմաթիվ ձեռագրեր կորել են, սակայն պահպանված փոքրաթիվ մատյաններն անգամ վկայում են բարձր զարգացման հասած մանրանկարչության դպրոցի և մշակույթի մասին:
 

Մեսրոպ Մաշտոց

 

Մեսրոպ Մաշտոց (361 կամ 362

_1-1″ class=»reference» style=»font-style: normal; font-weight: 400; line-height: 9.6px; white-space: nowrap;»>, Հացեկաց, Տարոն, Մեծ Հայքփետրվարի 17, 440, Վաղարշապատ, Պարսկահայաստան, Սասանյան Պարսկաստան, թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ։

Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարևոր դեր է խաղացել հայ ազգային ինքնության պահպանման գործում։

Համաձայն գերակշռող գիտական տեսակետների՝ վրացերեն  և աղվաներեն  այբուբենների ստեղծողն է։

Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։

Կենսագրություն

Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր (ըստ Անանիա Շիրակացու՝ «ազատի տնից»)։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով Դ (մոտ 385-388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395/396-ին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաև Սյունիքում։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանելու համար։ Վերադարձել է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։

Մոտ 404 թվականին Միջագետքից բերված Դանիելյան նշագրերով, կատարել է թարգմանական և ուսուցողական առաջին փորձերը, սակայն ապարդյուն։ Այդ ժամանակ ստացել է վարդապետի (ուսուցչի) աստիճան։ Վռամշապուհի և Սահակ Պարթևի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ։ Եղել է Եդեսիայում, Ամիդում, ապա՝ Սամոսատում։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության հետ՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի (Paquida, 398-408 թթ), Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի (400-409 թթ.) հետ, այցելել է Եդեսիայի գրադարան։ Մոտ 405-406 թթ. Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Արևմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է Վիրք, ուր վրաց Բակուր (մոտ 416-429 թթ.) արքայի, Մովսես եպիսկոպոսի, և թարգմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը («խուցուրի»)։ Մոտ 420-422-ին մեկնել է Բյուզանդիա՝ Կոնստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի և հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ։ Վերադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը։ Բյուզանդական իշխանություններից ստացել է «ակումիտ» (άxουμήτης -ճգնող) տիտղոսը։ Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է Աղվանք, հանդիպել աղվանից Արսվաղեն արքայի և Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը, որտեղից անցել է Բաղասական գավառ, մղել հակաաղանդավորական պայքար։ Այդ շրջանում եղել է Ուտիքի Գարդման գավառում, ապա՝ Գուգարաց Տաշիրքում։ Եվս մեկ անգամ Արևմտյան Հայաստան է այցելել 420-ականների վերջին, եղել Բարձր Հայք գավառի Դերջան, Եկեղյաց, Սպեր և Շաղգոմք գավառներում։ 431-439-ի միջև կաթողիկոս Սահակի և աշակերտների հետ հիմնականում ավարտել է Աստվածաշնչի թարգմանությունը։ 439-ին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում Հովսեփ Վայոցձորցին։